Category Archives: ԱՄՈՒՐ ՊԱՀՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ
Եկել էի, որ…
Posted by on January 11, 2011
Եկել էի, որ մնայի, որ դառնայի քո ստվերը… Եկել էի, որ քեզ սիրեի, որ հետդ երազանքներ պահեի ու չվախենայի դրանց չիրականանալուց…
Եկել էի, որ երկուսով բարձրանայինք ձեր շենքի տանիքներն ու երգեինք «Մեր սիրո աշունը», որովհետև աշուն էր ու որովհետև ուրիշ երգ չգիտեինք…
Եկել էի, որ դառնայիր ավելի լավը, որ ժպտայիր մի քիչ… Եկել էի, որ քեզ սիրել սովորեցնեի.. Եկել էի ու ուզում էի հավիտյան կողքդ մնալ: Բայց հիմա գնում եմ… Գնում եմ, որ կարոտել սովորես, որ կարողանաս ինքնուրույն բարձրանալ տանիքներն ու երազանքներ պահել առանց վախենալու… Գնում եմ, որ ուրիշ երգ սովորես ու երբ հաջորդ անգամ գամ, գարուն լինի կամ ամառ…
Քո աչքերի ձայնը
Posted by on December 21, 2010
Ես քո աչքերի ձայնն եմ լսել… Լսել եմ, թե ինչպես էին երգում նրանք իջնող երեկոյի հետ համըթաց, մանուշակագույն երկնքի հետ զուգահեռ…
Իմ պատուհաններից այս կողմ ես միայն մի ձայն եմ լսել` քո աչքերի ձայնը: Այդպես տաք ու վարակիչ միայն քո խենթ աչքերը կարող էին ծիծաղել…
Ես լսել եմ քո աչքերի քրքիջը ու քո աչքերի ճիչն եմ լսել առավոտյան…
Քեզ սիրող ու չսիրող իմ էությունից ջնջել եմ քո պատկերը, քո աչքերի մգությունն ու քո աչքերի թացությունը, բայց էլի լսել եմ ձայնը` քո աչքերի ձայնը…
Քո աչքերը խոսել գիտեն…Քո աչքերը կանչել գիտեն… Իսկ ես փակել եմ իմ սրտի ականջները…
Նարնջագույն կարոտ
Posted by on December 7, 2010
Արդեն գիտեմ, թե այս Ամանորին ամենից շատ ում մասին եմ երազելու… 
Գիտեմ, թե ում ձեռքերի նարնջագույն տաքությունն է ինձ պակասելու…
* * *
Մանդարինահոտ գիշերների իմ միակ այցելուն հուշերի մի փունջ է` քո ձեռքերի նարնջագույնից հյուսված ու արբած` շրթունքներիդ տաքությունից …
Արդեն գիտեմ, որ ամանորի գիշերներին քո ներկա բացակայության պատճառներն եմ ծրարելու` նարնջագույն մանդարինների հոտով ու երազանք եմ պահելու… արդեն գիտեմ, թե ում մասին…
Առաջին ձյան հետ
Posted by on November 13, 2010
Գիտե՞ս, ես արդեն զգում եմ ձմռան շունչը… Ու ինչքան էլ փորձեմ չմտածել քո մասին, ձմեռն ինձ անպայման կհիշեցնի… Ինչու՞ … Դե, որովհետև ձմռանն ամենաշատն եմ զգում քո կարիքը…Իսկ ավելի հաճախ, երբ ձեռքերս են սառչում:
Գիտեմ, դու չես գա առաջին ձյան հետ ու նույնիսկ այն ժամանակ, երբ ձյունը դադարի…
Գուցե ես չիմանամ քո գոյության մասին, գուցե այդպես էլ չտեսնվենք… Բայց ես միշտ սպասելու եմ քեզ: Սպասելու եմ դեռահասի պես…Սպասելու եմ, ինչպես փոքրիկներն են սպասում առաջին ձյանը:
Ափսոս, որ ոչ ոք երբևէ չի տեսնում, թե երբ և ինչպես է տեղում առաջին ձյունը….
…Եվ հրեշտակ չես դու առանձնապես
Posted by on August 12, 2010
Անգոյության ու անգործության ժամերիս միակ մխիթարությունն այն միտքն է, որ դու արժանի չէիր ինձ, որ մենք պարզապես դատապարտված էինք իրարից անջատ ապրելու…
Քեզ թերագնահատելն ու անընդհատ ինչ-որ մեկի հետ համեմատելը սկզբունքի պես մի բան է դարձել…Փնտրել ու գտնել այն մեկին, ով քեզանից լավն է, կյանքի իմաստի պես մի բան է արդեն….Քեզ փնովելն ու քո մեջ թերություններ փնտրելը հիմնական օրակարգ է վաղուց:
Միայնության օրերի սուտ մխիթարանք է` դու արժանի չէիր ինձ…Ինքնաքննադատման լավագույն տարբերակը` սխալ ընտրություն էի կատարել…
Քո մասին մտածելուց հրաժարվելը, քեզ չկարոտելը ինքնադատաստանի պես մի բան է…
Արդարացումներ չգտնելու միակ ճանապարհն ինքս ինձ մեղադրելն է, օրը տասն անգամ քո բնավորության գծերը կշեռքի նժարին դնելը. դու բարի ես, բայց ամաչկոտ , չափազանց լուրջ ես, բայց նաև կատակասեր , դու գեղեցիկ ես, չէ, դու գեղեցիկ չես…և հրեշտակ չես դու առանձնապես:
Ինքնախաբեություն է քո մասին վատ արտահայտվելը…
ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐՈՎ ՀԱՅԸ
Posted by on July 4, 2010
Չգիտեմ` լավ է, թե վատ, երբ ասելու բան չես ունենում, երբ խոսքեր չես գտնում` արտահայտելու այն, ինչ զգում ես ու ապրում, երբ չես կարողանում հասարակ բառերով նկարագրել մի մեծության, ում անունն է ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ: Թվում է` այնքան բան կա ասելու այս տաղանդավոր մարդու մասին, բայց, միևնույն ժամանակ, ուզում ես լռել, որ չխախտես նրա հոգու անդորրն ու մտովի հիշես այս տխուր աչքերով հայի թողած անգին ժառանգությունը:
Այսօր նրա ծննդյան օրն է: Իմ պաշտելի Ֆրունզիկն այսօր կդառնար 80 տարեկան: Բայց չեմ ուզում խոսել նրա մահվան, կրած դժվարությունների ու տառապանքի մասին: Չեմ ուզում պատմել նրա կյանքն ու անցած ուղին…Այսօր պարզապես ուզում եմ ցավել: Ցավել այն բանի համար, որ ինձ այդպես էլ չհաջողվեց տեսնել նրան կենդանության օրոք, որ չկարողացա լուսանկարվել նրա հետ ու ամուր-ամուր գրկել նրան: Ցավում եմ, որ չկարողացա նրան ասել շնորհակալություն, շնորհակալություն, որ նա կա ու ապրում է մեր կողքին, որ ստիպում է մեզ ծիծաղել և ուրախանալ, արտասվել ու տխրել…
Հիմա արդեն ուշ է….Տխուր աչքերով հայն այլևս չկա…Ցավում եմ:
Հեռանում եմ
Posted by on July 2, 2010
Անտարբերությամբ լցված հոգիները դժվար թե կարողանան հասկանալ ինձ: Մի փորձիր ամեն տեղ
արդարացում փնտրել:
Հեռանում եմ: Արևը քեզ եմ թողնում, իսկ անձրևները տանում եմ ինձ հետ, որ ամեն անձրևից հետո հեռվից ինձ ջերմացնող արև լինի, որ չորացնի անձրևից մնացած հետքերն ու ստիպի ծիածանին բարձրանալ դեպի երկինք: Արևը քեզ եմ թողնում. Կջերմացնես ինձ գոնե հեռվից, եթե անձրևները չխանգարեն:
Անձրևներն ինձ հետ եմ տանում, որ ծածկեն արցունքներից մնացած հետքերն ու ստիպեն ծիածանին երբեմն երևալ երկնքում.. Read more of this post
Ճանապարհներ
Posted by on June 20, 2010
Ճանապարհներն ինձ կանչում են…Գնում եմ լուսավոր երազիս ետևից: Գնում եմ դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Ճանապարհս մի քիչ ձգվում է, բայց ես համառորեն առաջ եմ շարժվում:
* * *
Ու ես կձևացնեմ, որ մեր ճանապարհներն ինչ-որ տեղ հատվում են: Կձևացնեմ, որ ճանապարհները կանաչ են ու լուսավոր: Կձևացնեմ, որ երկուսով քայլում ենք նույն ճանապարհով…..Ճանապարհ, որն այնքա~ն մութ է ու նեղ: Երկուսիս համար տեղ չկա:
Ու մենք ստիպված գնում ենք երկու տարբեր ճանապարհներով…
Եթե…
Posted by on June 18, 2010
… Կասեի, որ սիրում եմ քեզ, որ երազում եմ քեզ հետ ամուսնանալու մասին, որ չեմ պատկերացնում հետագա կյանքս առանց քեզ, եթե երբևէ նորից հանդիպեինք: Կասեի, թե որքան թանկ ես ինձ համար, որքան հարազատ ես ինձ…Անպայման կասեի, որ դու լավն ես ու բարի, հանդիպածս ամենաբարի մարդը…Կասեի անպայման, եթե երբևէ նորից հանդիպեինք:
Կասեի, որ սիրում եմ կատակներդ, բայց տանել չեմ կարողանում անպատեհ լրջությունդ ու ամաչկոտությունդ…Կասեի, որ սիրում եմ ձայնդ ու այն, թե ինչպես ես խոսում կամ ծիծաղում…Կասեի, անպայման կասեի, եթե երբևէ նորից հանդիպեինք:
Ով գիտե, եթե երբևէ ասած լինեի քեզ այս ամենը, գուցե և հանդիպեինք…
Թարմ նարնջի հոտով ծաղիկներ
Posted by on June 5, 2010




Կարծիքներ