Ես միայն զանգահարելու եմ եկել… Գ.Գ. Մարկես

  (կրճատումներով)

Գարնանային մի անձրևոտ երեկո, վարձած մեքենայով մեն-մենակ Բարսելոն գնալիս, Մարիա դե լա Լուս Սերվանտեսը Մոնեգրոների ամայի մի վայրում ավտովթարի ենթարկվեց: Նա քսանյոթ տարեկան գեղեցիկ և լուրջ մեքսիկուհի էր, տարիներ առաջ հայտնի անուն էր ունեցել որպես վարյետեի դերասանուհի, ամուսնացած էր սալոնային մի աճպարարի հետ, որի հետ պետք է հանդիպեր այդ օրը՝ Սարագոսայում որոշ ազգականների այցելելուց հետո: Մեկ ժամ տեղատարափ անձրևի տակ արագ սլացող ավտոմեքենաներին և բեռնատարներին հուսահատ նշաններ անելուց հետո, մի կիսաքանդ ավտոբուսի վարորդ խղճաց նրան, սակայն նախազգուշարեց, որ շատ հեռու չի գնալու:

– Դե լավ, ոչինչ, – ասաց Մարիան, – ինձ միայն հեռախոս է պետք:
Այդպես էլ կար. նրան միայն հեռախոս էր պետք, որպեսզի զգուշացներ ամուսնուն, որ ժամը յոթից շուտ տեղ չէր կարող հասնել:
Մարիան ուսի վրայով նայեց և տեսավ, որ ամբողջ ավտոբուսը զբաղեցված է անորոշ տարիքի և տարբեր բնույթի կանանցով, որոնք քնած են՝ փաթաթված իր ծածկոցի նման ծածկոցներով: Նրանց հանդարտությամբ վարակված՝ Մարիան կծկվեց նստատեղի մեջ և հանձնվեց անձրևի աղմուկին: Երբ արթնացավ, արդեն մութ էր, տեղատարափ անձրևը փոխվել էր պաղ շաղի: Նա գաղափար չուներ, թե որքան ժամանակ էր քնել և թե աշխարհի որ ծայրում էին գտնվում: Այդ պահին ավտոբուսը մտնում էր հսկայական, մռայլ մի շենքի սալահատակ բակը, որը անտառի մեջ գտնվող վիթխարի ծառերով շրջապատված հին մենաստան էր հիշեցնում:
* * *
Մյուս կանանց հետ Մարիան առաջ շարժվեց մի մռայլ միջանցքով, վերջում մտավ մի ընդհանուր ննջարան, որտեղ հսկիչ կանայք հավաքեցին ծածկոցները և սկսեցին բաժանել մահճակալները: Մյուսներից տարբերվող մի կին, որ Մարիային թվաց, թե ավելի մարդկային է և ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, անցավ շարքի միջով՝ համեմատելով իր ցուցակն այն անունների հետ, որոնք գրված էին նոր ժամանածների կրծկալներին կարված ստվարաթղթին: Երբ հասավ Մարիային, զարմացավ, որ նա չուներ անձը հաստատող այդ ստվարաթղթից:
– Բանն այն է, որ ես միայն զանգահարելու եմ եկել,– ասաց նրան Մարիան:Նա վրա տալով բացատրեց, որ ավտոմեքենան փչացել էր ճանապարհին, որ ամուսինն աճպարար է և սպասում է իրեն Բարսելոնում, որ իրենք մինչև կեսգիշեր երեք ներկայացում ունեն տալու, և ինքն ուզում է զգուշացնել ամուսնուն, որ ժամանակին չի կարող տեղ հասնել և նրա հետ գնալ, որ ժամը յոթն է մոտենում, իսկ ամուսինը տասը րոպե հետո պետք է դուրս գա տնից, և ինքը վախենում է, որ իր ուշացման պատճառով չեղյալ հայտարարվեն բոլոր պայմանավորված ներկայացումները:
* * *
 Հանկարծ Մարիայի ուղեղում մի միտք առկայծեց, և նա գլխի ընկավ, թե ինչու էին ավտոբուսի կանայք այնպես շարժվում, կարծես ակվարիումի մեջ լողալիս լինեին. նրանց թմրեցրել էին ցավազրկող դեղամիջոցներով, և այն քարե հաստ պարիսպներով և սառած աստիճաններով խավարի մեջ թաղված պալատն իրականում մտավոր խանգարում ունեցող կանանց բուժարան էր: Նա սարսափած դուրս փախավ ննջասենյակից, բայց դռանը չհասած, մեխանիկի լայն տաբատ հագած մի հաղթանդամ հսկիչ թաթի մի հարվածով բռնեց նրան և փականք բացելու կեռիկով հատակին գամեց: Սարսափից կաթվածահար՝ Մարիան վերից վար նայեց նրան:
– Աստծու սիրուն, – բարբառեց նա, – մորս շիրիմով եմ երդվում, որ ես միայն զանգահարելու եմ եկել:
Նույն օրն իր անձի ծագման հանելուկային և ինքնության կասկածելի լինելու մասին թռուցիկ մի մեկնաբանությամբ, հերթական համարի տակ Մարիան գրանցվեց հոգեբուժարանում:  Լուսանցքում գլխավոր բժշկի սեփական ձեռքով գրված էր եզրակացությունը՝ խելագար:
 
 * * *
Վերջին հինգ տարիների ընթացքում Մարիան երեք տարբեր տղամարդկանց էր լքել, այդ թվում` նաև Սատուրնոյին (ամուսնու): Նրան լքել էր Մեքսիկայում, ծանոթանալուց վեց ամիս անց, այն ժամանակ, երբ Անսուրես նորակառույց թաղամասի վարձու բնակարաններից մեկում խելահեղ սիրո երջանկությունից ուղղակի նվաղում էին նրանք: Մի առավոտ, անպատմելի բուռն գիշեր լուսացնելուց հետո, Մարիան տանը չարթնացավ: Թողել էր ամեն բան, ինչ իրեն էր պատկանում, նույնիսկ նախկին ամուսնության մատանին և մի նամակ, որտեղ ասում էր, որ ի վիճակի չէր դիմանալու այդ խելացնոր սիրո տառապանքներին: Սատուրնոն կարծել էր, թե նա վերադարձել է նախկին ամուսնու՝ իր համադասարանցու մոտ, որի հետ թաքուն էր ամուսնացել՝ տարիքով փոքր լինելու պատճառով և երկու տարի առանց սիրո ապրելուց հետո լքել հանուն մեկ ուրիշի: Սակայն, ո՜չ. նա վերադարձել էր ծնողների մոտ, և Սատուրնոն գնացել էր այնտեղ, որպեսզի, ինչ գնով ուզում է լինի, գտնի նրան: Առանց պայմանականությունների նրան աղաչեց վերադառնալ, խոստացավ շատ ավելին, քան ընդունակ էր կատարելու, բայց բախվեց մի անդրդվելի վճռականության: ”Կան կարճատև սերեր, կան՝ երկարատև”, – ասաց նա և անգթորեն եզրափակեց, – ”Այս մեկը կարճատև էր”: Սատուրնոն անձնատուր եղավ նրա անընկճելիությանը: Այնուամենայնիվ, բաժանումից գրեթե մեկ տարի անց, Բոլոր սրբերի տոնի օրերին, մի առավոտ, երբ Սատուրնոն վերադարձավ իր որբացած բնակարանը, նրան քնած գտավ ճաշասենյակի բազմոցին՝ նարնջենու ծաղիկների պսակը գլխին և երկար, նուրբ կտորից կարված կույսի աղջկա հարսանեկան զգեստը հագին:  Այս անգամ էլ Մարիան հանձնվեց նրան առանց որևէ պայմանի: “Իսկ հիմա մինչև ե՞րբ”, – հարցրեց Սատուրնոն: Նա պատասխանեց Վինիցիուս դե Մորաեսի մի բանաստեղծության տողով՝ ՚”երը հավերժ է, քանի դեռ շարունակվում է”: Երկու տարի հետո դեռ շարունակում էր հավերժ լինել:
Նրանք երջանիկ էին մինչև այն շաբաթ օրը, երբ Մարիան մեքենա վարձեց և այցելության գնաց Սարագոսայում ապրող իր ազգականներին՝ խոստանալով վերադառնալ երկուշաբթի օրը, երեկոյան ժամը յոթին:
Երկու ամիս հետո էլ դեռ Մարիան չէր հարմարվել բուժարանի կյանքին: Նա գոյություն էր պահպանում, հազիվ ճմճմելով բանտային օրաբաժինը, որ տրվում էր կոպիտ փայտե սեղանին շղթաներով ամրացված սպասքով, հայացքը սևեռած գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վիմատիպ դիմանկարին, որ իշխում էր միջնադարյան մռայլ ճաշասրահի վրա: Սկզբում նա ընդդիմանում էր կրոնին նվիրված ժամերին՝ իրենց քարացած առավոտյան և երեկոյան տխմար ժամերգություններով և օրհներգություններով, ինչպես նաև եկեղեցական այլ գործերին, որոնց հատկացվում էր ժամանակի մեծ մասը: Նա հրաժարվում էր բակում գնդակ խաղալ, աշխատել արհեստական ծաղիկների արհեստանոցում, ինչով որ ազատազրկված կանանց մի խումբ մոլեգին ջանասիրությամբ էր զբաղվում: Սակայն երրորդ շաբաթվանից սկսած՝ նա կամաց-կամաց սկսեց ներգրավվել մենաստանի կյանքում: Վերջին հաշվով, բժիշկների ասելով, բոլորն էլ այդպես էին սկսում և, վաղ թե ուշ, ի վերջո միանում հանրությանը:Ամենածանրը գիշերվա միայնությունն էր: Շատ կանայք իր նման արթուն էին մնում կիսախավարի մեջ, բայց չէին համարձակվում որևէ բան անել, որովհետև շղթայով ու կողպեքով փակված դռան ետևում գիշերային հսկիչը նույնպես արթուն էր:
Հենց առաջին շաբաթվանից սկսած՝ գիշերային հսկիչն, առանց այս ու այնկողմ ընկնելու, առաջարկել էր նրան իր հետ քնել հսկիչների խցիկում: Սկսել էր կոնկրետ գործնական տոնով՝ սիրո դիմաց՝ ծխախոտ, շոկոլադ, ինչ որ լինի ձեռքի տակ: “Ամեն բան կունենաս”, – դողահար ասել էր նա, – “Թագուհու պես կապրես”: Մարիայի մերժումից հետո պահապանը փոխել էր մոտեցման մեթոդը. սիրային գրություններ էր թողնում նրա բարձի տակ, խալաթի գրպաններում և ամենաանհավանական տեղերում: Դրանք հարկադրանքով լի սրտաճմլիկ գրություններ էին, որոնցից քարը կճաքեր:
* * * 
 Ամառը եկավ անսպասելի՝ հունիսի առաջին կիրակի օրը, և կարիք եղավ արտակարգ միջոցներ ձեռնարկել, որովհետև պատարագի ժամանակ շոգից խեղդվող կանայք սկսում էին հանել իրենց բրդյա փարաջաները: Եվ ինքն էլ չիմացավ, թե ինչպես մենակ հայտնվեց մի լքված աշխատասենյակում, որտեղ հեռախոսն առանց դադարի զանգում էր աղերսական ձայնով: Մարիան առանց մտածելու վերցրեց լսափողը և մի հեռավոր և զվարթ ձայն լսեց, որ զվարճանում էր՝ ձևացնելով, թե ժամը հայտարարող հեռախոսային ծառայությունն է.
– Ժամը քառասունհինգն անց է իննսուներկու րոպե հարյուր յոթ վայրկյան:
– Ապուշի մե՜կը, – նետեց Մարիան:
Նա ուրախ կախեց լսափողը և արդեն հեռանում էր, երբ հանկարծ գլխի ընկավ, որ ձեռքից անկրկնելի հնարավորություն էր բաց թողնում: Նա այնքան հապշտապ և լարված հավաքեց վեց թվերը, որ վստահ չէր, թե արդյո՞ք իր տան համարն էր հավաքել: Սիրտը տեղից դուրս գալով սպասեց, ականջ դրեց տենչալի և տխուր տոնով հարազատ ազդանշաններին՝ մեկ, երկու, երեք և ի վերջո, լսեց իր կյանքի ուղեկից տղամարդու ձայնը, որն այն տանն էր, որտեղ ինքը չկար:
– Լսում եմ:
Նա սպասեց մինչև անհետանար կոկորդում հավաքված արցունքների գունդը:
– Փիսի՜կս, կյա՜նքս, – հառաչեց նա:
Արցունքները հաղթեցին նրան: Գծի մյուս ծայրում ապշահար լռեցություն տիրեց մի պահ, հետո խանդից բորբոքված ձայնը շպրտեց՝ պոռնի՜կ, և կտրուկ կախեց լսափողը:
Բևեկնայուղից առաջացած բորբոքման հետևանքով քայլելու կարողությունից զրկված՝ Մարիան հասկացավ, որ աշխարհում չկա մի բան, որ ինքն ընդունակ չլինի անելու՝ հանուն այդ դժոխքից դուրս պրծնելու: Եվ հաջորդ շաբաթ, երբ արդեն վերադարձել էր ընդհանուր ննջարան, վեր կացավ և ոտնաթաթերի վրա գնաց դեպի գիշերային հսկիչի խցիկն ու թակեց դուռը:
Գինը, որ Մարիան նախապես պահանջեց, այն էր, որ հսկիչն իր գրությունը տաներ ամուսնուն: Վերջինս համաձայնեց մի պայմանով, որ իրենց կապն առմիշտ բացարձակապես գաղտնի մնա, և ձեռքով անողոք հաշվեհարդարի մի նշան ցույց տվեց.
Այսպես, հաջորդ շաբաթ օրը Մարիայի վերադարձը տոնելու առթիվ նախապատրաստած կրկեսի շրջիկ ֆուրգոնով Մոգ Սատուրնոն գնաց հոգեբուժարան: Գլխավոր բժիշկն անձամբ դիմավորեց նրան իր՝ ռազմանավի նման մաքուր ու կոկիկ առանձնասենյակում և շատ տպավորիչ զեկուցեց կնոջ վիճակի մասին. ոչ ոք չգիտեր, թե որտեղից, ինչպես և երբ էր նա եկել, որովհետև նրա ընդունման առաջին տվյալն իր կողմից թելադրված պաշտոնական գրանցումն է եղել այն օրը, երբ տեսակցություն է ունեցել նրա հետ: Նույն օրը սկսված ուսումնասիրությունները ոչ մի արդյունքի չեն բերել:
Նա պատրաստ էր Սատուրնոյին այցելության թույլտվություն տալ՝ որոշ անհրաժեշտ նախազգուշական միջոցներ կիրառելով. եթե նա հանուն իր կնոջ բարօրության խոստանար հավատարիմ մնալ իր թելադրած վարքագծին, հատկապես կնոջ հետ շփվելիս, որպեսզի նա նորից չընկներ զայրույթի պոռթկման նոպայի մեջ, որ ամեն անգամ ավելի ու ավելի հաճախակի և վտանգավոր էր դառնում:
– Շատ տարօրինակ է, – ասաց Սատուրնոն, – նա միշտ էլ հախուռն բնավորություն է ունեցել, բայց նաև՝ մեծ ինքնատիրապետում:
Բժիշկը շատ բան իմացող մարդուն հատուկ ձեռքի մի շարժում արեց և ասաց. ”Վարքագծեր կան, որ երկար տարիներ գաղտնի են մնում և մի օր պոռթկում են: Այդուհանդերձ, բախտավորություն է, որ նա այստեղ է ընկել, որովհետև մենք այնպիսի դեպքերի մասնագետներ ենք, որ ուժեղ ձեռք են պահանջում”: Վերջում նախազգուշացրեց Մարիայի՝ հեռախոսի հետ կապված տարօրինակ սևեռուն մտքի մասին:
 * * *
– Ինչպե՞ս ես քեզ զգում, – հարցրեց Սատուրնոն:
– Երջանիկ եմ, որ վերջապես եկել ես, փիսիկս, – պատասխանեց Մարիան, – սա ուղղակի մահ էր:
Նրանք ժամանակ չունեցան նստելու: Արցունքներից խեղդվելով՝ Մարիան պատմեց բանտի թշվառությունների, հսկիչների բարբարոսությունների, մատուցվող շան լափի, անվերջանալի գիշերների մասին, երբ ահուսարսափից մարդ չի կարողանում աչք փակել:
– Արդեն չգիտեմ, թե քանի օր, քանի ամիս կամ քանի տարի եմ այստեղ, բայց գիտեմ, որ յուրաքանչյուր օրը մյուսից ավելի վատն է եղել, – ծանր հառաչելով ասաց նա: – Ինձ թվում է, որ ես երբեք այլևս նույնը չեմ լինելու:
– Արդեն վերջացավ այդ ամենը, – ասաց Սատուրնոն՝ մատների ծայրով շոյելով նրա դեմքի թարմ սպիները: – Ես ամեն շաբաթ կգամ, գուցե ավելի հաճախ, եթե տնօրենը թույլ տա: Կտեսնես, որ ամեն ինչ շատ լավ կլինի:
– Ի սե՛ր Աստծո, փիսի՜կս, – ապշահար ասաց նա, – միայն չասես, որ դու էլ ես կարծում, թե ես ցնորվել եմ:
– Ինչպե՛ս կարող է մտքովդ անցնել, – պատասխանեց Սատուրնոն՝ փորձելով ծիծաղել: – Բանն այն է, որ բոլորիս համար էլ շատ ավելի լավ կլինի, եթե մի որոշ ժամանակ էլ այստեղ մնաս, անշուշտ, ավելի լավ պայմաններում:
– Բայց չէ՞ որ ես քեզ արդեն ասացի, որ ես միայն զանգահարելու եմ եկել, – ասաց Մարիան:
Սատուրնոն չիմացավ, թե ինչ պետք է անի նրա սարսափազդու մոլեգնության պահին:
Այնուամենայնիվ, հաջորդ շաբաթ օրը, երբ արդեն ապաքինվել էր տեսակցության ահուսարսափից, նա կրկին գնաց հոգեբուժարան: Շրջիկ ֆուրգոնով մտավ մինչև մենաստանի բակը և այնտեղ համարյա երեք ժամանոց հրաշալի մի ներկայացում տվեց, որն ազատազրկված կանայք հիացմունքով դիտեցին պատշգամբներից՝ ընդմիջելով այն անհարկի ճիչերով և անտեղի ծափահարություններով: Բոլորն այնտեղ էին, բացի Մարիայից: Նա ոչ միայն մերժել էր ընդունել ամուսնուն, այլ նաև՝ դիտել նրան պատշգամբից: Սատուրնոն մահացու վիրավորված զգաց իրեն:
Բազմիցս Մարիային կրկին տեսնելու ջանքեր թափելուց հետո, Սատուրնոն անհնարին ամեն բան արեց, որպեսզի նա գոնե նամակ ընդունի իրենից, սակայն՝ ապարդյուն: Չորս անգամ նա ետ վերադարձրեց նամակը՝ առանց բացելու և առանց մեկնաբանությունների: Սատուրնոն տեղի տվեց, բայց շարունակեց բուժարանի մուտքի դռան մոտ ծխախոտ թողնել, նույնիսկ չիմանալով, արդյո՞ք հասնում են դրանք Մարիային, թե ոչ, մինչև իրականությունը ծնկի բերեց նրան:
Իսպաներենից թարգմանեց՝ ԿԱՐԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԸ
Պատմվածքն ամբողջությամբ կարդացեք ԱՅՍՏԵՂ
About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 68 other followers

%d bloggers like this: